Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Օրենքն ամենքի համար է, նաև լրագրողի

Օրենքն ամենքի համար է, նաև լրագրողի
28.07.2015 | 01:11

Ի պատասխան «Իրատես» թերթի ս. թ. հուլիսի 17-ի «Ջրաչափային ոդիսական» հրապարակման՝ «Երևան ջուր» ՓԲԸ-ն հարկ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը:
Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ Սարի թաղի 26 փող., 34 տան ջրաչափն արդեն մեկ անգամ՝ 16.10.2014 թ. վերակնքվել է, փողոցի դիտահորում վերատեղադրվելու կապակցությամբ: Արդեն այն ժամանակ բաժանորդին հանձնված թիվ 49413 հանձնարարականի ծանուցման դաշտում նշված է եղել, «որ կնիքների պոկման, կեղծման, վնասման դեպքերում կազմվում է ջրօգտագործման կանոնների խախտման ակտ»: Քանզի գործող օրենսդրությամբ ջրաչափը և ջրաչափական հանգույցը հանդիսանում են բաժանորդի սեփականությունը: Հետևաբար, վերջինս ուղղակի պարտավոր է (!!!) ապահովել ջրաչափի վրա տեղադրված կապարե և հոլոգրաֆիկ կնիքների անխախտելիությունը:
«1-85 հեռախոսակենտրոն»-ում ստացված դիմումի համաձայն հուլիսի 17-ին ընկերության ներկայացուցիչն այցելել է Սարի թաղի 26 փող., 34 տուն և բաժանորդի ջրաչափը վերակնքել: Միաժամանակ, առաջնորդվելով ՀՀ կառավարության 22.01.2004 թ. թիվ 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների» 25 և 27 կետերով, կազմել է ակտ՝ հոլոգրաֆիկ կնիքի խախտման վերաբերյալ: Ընդ որում, հաշվի առնելով խախտման ոչ միտումնավոր բնույթը, ակտի գումարը, որպես ընկերությանը պատճառված վնաս, հաշվարկվել է 4000 դրամ, ինչպես և սահմանված է գործող կարգով:
Հնարավոր է, որ բաժանորդ, «Իրատես» թերթի աշխատակից Գոհար Սարգսյանին ձեռնտու է առաջնորդվել «я не я, и лошадь не моя» ռուսական ասացվածքի տրամաբանությամբ, չկրելով որևէ պատասխանատվություն անգամ սեփական գույքի համար: Սակայն խնդիրն այն է, որ այդ գույքով կամ «կշեռքով» իրականացվում է խմելու ջրի վաճառքը, ասել է թե՝ շոշափվում է արդեն նաև ջրամատակարար կազմակերպության օրինական շահը: Իսկ այստեղ արդեն որոշիչը օրենքի պահանջն է:
«Երևան ջուր» ՓԲԸ-ն ունի ավելի քան 300000 բնակիչ-բաժանորդ, և վերջին տարիների ջրամատակարարման ակնհայտ բարելավումը Երևանում արդյունք է ինչպես ընկերության կողմից վերահսկողության ուժեղացման, այդ թվում՝ ջրաչափերի շահագործման կանոնների պահպանության մասով, այնպես էլ՝ սպառողների կողմից օրենքի պահանջների գիտակցման ու կատարման:
Համոզված ենք, որ տվյալ բաժանորդի կողմից բարի կամքի արտահայտման պարագայում մեր դեպքում ևս ջրաչափի պահպանության «խնդիրը» կարելի է լուծել առանց հրացանով պահակության, բացառելով մեկ շաբաթ անց ինչ-որ մեկի կողմից միտումնավոր կամ պատահաբար նոր միջամտությունը: Ինչպես, օրինակ, դա անում են Սարի թաղի 26-րդ փողոցի մյուս բնակիչները: Գոհար Սարգսյանն էլ, իր հերթին, ստիպված չի լինի նորից այս ամենի «ջառման քաշել», ինչպես նշված է հրապարակման մեջ:
Սակայն այստեղ ամենազարմանալին թերևս այն է, որ «Իրատես»-ը, որ մշտապես քարոզում է օրենքի գերակայության անհրաժեշտությունը՝ մյուսների համար, իր աշխատակցի համար բացառություն է պահանջում: Ավելին, գրում է այդ մասին, խորապես համոզված «Երևան ջրի» սխալականության մեջ:
«Մյուսներին վերաբերվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ նրանք քեզ վերաբերվեն»: Եթե չենք սխալվում, մոտավորապես այսպես է ասվում Սուրբ գրքում, որ «Իրատես»-ն այդքան սիրում է ցիտել:
Լինենք փոխադարձ հարգալից, և խնդիրներ չեն առաջանա՝ ի գոհունակություն բոլոր կողմերի:

Համագործակցության ակնկալիքով՝
Հանրային կապերի ծառայություն,
«Երևան ջուր» ՓԲԸ

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ